Մինչև 2018 թվականի եղերական ապրիլ՝ ամեն օրվան ու րոպեին երանի եմ տալիս. ինչ երջանիկ էինք, այնուամենայնիվ...
ՈՒ սա պատրանք չէ. Արցախ ունեինք, սահմաններն ամուր և հուսալի էին, մարդկություն, հայություն, ընկերություն կար, մարդկանց հետ անվերջ զրուցելու ցանկություն ու երազելու բաներ կային: Ծիծաղել գիտեինք, ի վերջո, կատակել, իրար արժեքի ու աղուհացի գիտակցումը կար, նկատում էինք գեղեցիկը, բարին, առաքինին, մեծարում ուժը, անձնվիրումը, քաջությունը:
Ապրելու ու մեռնելու իմաստավոր ժամանակ կար:
Նույնիսկ, ամենածանր օրով ու տարիներով, երջանիկ էինք, երբ միակ հոգսդ աշխատանք չունենալն էր, իսկ երբ ունեցար, այս թավշյա մորեխները վրա տվեցին ու խեղդեցին հասկը՝ դաշտում, թռչունը՝ երկնքում, երազը՝ հոգում, հոգին՝ մարմնում:
Հիմա և՛ աշխատանքը չունես, և՛ Արցախը, Զանգեզուրդ էլ՝ հանված աճուրդի:
Հիմա տասնյակ հազարավոր զոհեր ու հաշմանդամներ, գերիներ ու անհետ կորածներ, գաղթականներ ունես ու հիվանդ, իրարից խռով հանրություն, հիմա Հայաստան ունես՝ բարակ մերկասառույցին օրորվող, ամեն րոպե փլվող...
Հիմա մի պատուհաս իշխանություն ունես, որը, հաստ պարանը վիզդ գցած, թշնամու հետ մեջք-մեջքի ու ձեռք-ձեռքի, երկիրն ու քեզ քարշ է տալիս սպանդանոց, տանում հսկա սառցաբեկորի հետ առճակատման ու ջախջախման:
Եվ դու՝ պատանդառուդ, թակարդն ընկած արծվի պես...
Աթա ապերը ճիշտ էր ասում. «Որ նրանք հայ լինեն, ես հայությունից դու՛րս կգամ... »:
Սուսաննա Բաբաջանյան
Լուսանկարը՝ հեղինակի. 2016, Գորիս